Հայաստանի զարգացման հիմնադրամը ալկոհոլային խմիչքների ոլորտի 14 ընկերությունների հետ համատեղ ներկայացնում են Հայաստանը Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաքում նոյեմբերի 4-6-ը կայանալիք «ENOEXPO 2015» 13-րդ միջազգային ամենամյա գինու ցուցահանդեսին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ ընկերությունները միջազգային սպառողին կներկայացնեն հայկական գինին, կոնյակը, գարեջուրը եւ ծիրանի բրենդին: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է նաեւ խմիչքի համտես, շնորհանդեսներ, հյուրասիրություններ եւ գործնական հանդիպումներ:
«Ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակը ալկոհոլային խմիչքների արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաեւ միջազգային շուկա մուտք գործելը եւ նոր գնորդներ ձեռք բերելը: Հաշվի առնելով այս հանգամանքը նախատեսվում է կազմակերպել նաեւ հայկական գինիների համտես-շնորհանդես` առեւտրային ցանցերի, գինու ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ տվյալ ոլորտի լրագրողների եւ սոմելիեների համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:





























