Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստին կքննարկվեն նաեւ Երեւանի եւ Անկարայի հարաբերությունները։ Այդ մասին նոյեմբերի 4-ին Հայաստան-ԵՄ Համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի շրջանակում լրագրողներին ասել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի, «Արեւելյան գործընկերության» եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի հետ համագործակցության Եվրոպական արտաքին կապերի ծառայության վարչության տնօրեն Գունար Վիգանդը։ Նրա խոսքով, կքննարկվի նաեւ ղարաբաղյան հարցը։ «Մեզ շատ են անհանգստացնում սահմանային շրջաններում տեղի ունեցող միջադեպերը։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն հաստատվի», - ընդգծել է Գունար Վիգանդը։
Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի ընթացքում կքննարկվի «Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հարեւանության եվրոպական նոր քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» շրջանակում» օրակարգը։ Մասնավորապես, նիստին կքննարկեն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, առեւտրի, արդարության, ազատության եւ անվտանգության, տրանսպորտի եւ էներգետիկայի, ընդհանուր առմամբ տնտեսական զարգացման, բազմակողմ համագործակցության, ղարաբաղյան խնդրի եւ Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների հարցեր։





























