Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր՝ նոյեմբերի 4-ին, Վանաձորում կայացած հանրահավաքին ներկաներին կոչ արեցին մասնակցել դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու համար կազմակերպվող քաղաքացիական անհնազանդություններին: Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան «Հիմնադիր խորհրդարանի», «Ժառանգություն» կուսակցության, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչները:

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանն իր ելույթում կոչ արեց պայքարել եւ տապալել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունները:

«Դեկտեմբերի 1-ին հավաքվում ենք Երեւանում, հասկանալու մեր պայքարի հետագա ընթացքը, հասկանալու, թե ինչպես կարող ենք ձերբազատվել այս ռեժիմից, մենք թույլ չենք տա, որ նորից մարտի 1 իրականացվի մեր նկատմամբ, թույլ չենք տալու նաեւ, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվե իրականացվի»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Հանրահավաքին ներկա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում նշեց, որ գործող իշխանությունը սահմանադրական փոփոխություններ իրականացնելով փորձում է իր վերընտրման մեխանիզմները փոխել:

«Մենք լեգիտիմ իրավունք  ունենք դնել իշխանության հեռացման հարցը եւ մենք բոլորիդ հրավիրում ենք դեկտեմբրի 1-ին Երեւանի Ազատության հրապարակ՝ մասնակցելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու քաղաքացիական անհնազանդություններին»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հանրահավաքին ելույթ ունեցան նաեւ «Հիմնադիր խորհրդարնի» այլ անդամներ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներ, Վանաձորում ՀԱԿ կուսակցության անդամներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքում Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը իրազեկման երթ է իրականացրել, որի ընթացքում ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել: