Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 55-ամյա Հակոբ Ալիխանյանը Դիլիջան քաղաքից է, ՌԴ-ում էր՝ աշխատանքի բերումով:
Ընտանիքի ծանոթներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ Հակոբ Ալիխանյանը երկու որդի ուներ, որոնցից մեկն ամուսնացած է եւ երկու երեխա ունի:
Նշենք, որ զոհերի մարմիններն ու վիրավորների մի մասին Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 5-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 03:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող Higer ավտոբուսը վթարի էր ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր էր եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան գյուղից են, Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին Գետաշեն, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:
Վթարի հետեւանքով տուժածները տեղափոխվել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Այժմ ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, որ վարորդը քնել է ղեկին:
Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:





























