ԿԳ նախարարությունը կշարունակի աշխատել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն կրթության ոլորտի բարելավմանը: Այս մասին, ասյօր՝ նոյեմբերի 4-ին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հասարակական կազմակերպությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ նախատեսում է իրականացնել հանրակրթության ոլորտի ուսումնասիրություն:

Նախարարը կարեւորել է, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացվի արժանահավատ տեղեկատվություն:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրության նպատակն է` վերհանել եւ գնահատել Հայաստանի հանրակրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր տեւողությունը 12 ամիս է: Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիմնական ուղղություններն են` ներառական կրթությունը, դասավանդման որակը, դասագրքերի մշակումը եւ տպագրությունը:  Ներկայացուցիչների խոսքով` գնահատումը կիրականացվի համապատասխան  մեթոդաբանությամբ, որն իր մեջ ներառում է հարցազրույցներ ոլորտի շահառուների հետ, փաստաթղթերի եւ օրենսդրության վերլուծություն եւ այլն: Ուսումնասիրության համար ընտրվել են հանրապետության 8 դպրոց, 4-ը Երեւանում, 4-ը` մարզերում: