Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորները, որոնք ծանր վիճակում են գտնվում, բուժումը շարունակելու են ստանալ Ուզլովայա բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, որը կառավարության ստեղծած հանձնաժողովի անդամների հետ մեկնել է Տուլա:
«Այս պահի դրությամբ Ուզլովայա բժշկական կենտրոնում ունենք 14 հիվանդ, որոնցից 6-ը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Նրանցից երկուսի վիճակն է ծանր»,- ասաց Գագիկ Միրիջանյանը:
Նրա խոսքով՝ ԲԿ-ում բուժվող ուղեւորներից մի մասը ամենայն հավանականությամբ վաղը կվերադառնա Հայաստան:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:





























