Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաստատում է, որ նախնական տվյալներով Հարավային Սուդանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, կործանված բեռնատար օդանավի անձնակազմի հինգ անդամները հայեր են եղել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղավիացիայի մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ կործանված օդանավը պատկանել է տաջիկական ավիաընկերությանը:
«Նախնական տվյալներով, անձնակազմի 5 անդամները հայ են: Հիմա մենք մանրամասներ ենք ճշտում Տաջիկստանի մեր գործընկերներից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՌԴ 5 քաղաքացի տեղափոխող ԱՆ-12 օդանավը, նախնական տեղեկություններով, վայր է ընկել մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից 800 մ հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ վթարից կարող էր զոհվել մինչեւ 40 մարդ։ Հաղորդվում է, որ փրկվել է 2 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, փոխանցում է Lifenews-ը։
Ականատեսները հայտնել են, որ օդանավը մասերի է բաժանվել։ Բեկորները ցաքուցրիվ են եղել Սպիտակ Նեղոս գետի երկայնքով։





























