Հանրապետական պատգամավոր, ՀՀԿ Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Սուքիաս Ավետիսյանը քարոզարշավի ընթացքում համոզվել է, որ գյումրեցիները դեմ են խոսում սահմանադրական փոփոխություններին, քանի որ կարծում են՝ եթե այն իշխանությունն է ներկայացրել, ուրեմն վատ բան է։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասներ է ներկայացրել։
Պարոն Սուքիասյան «Ոչ»-ի ճակատը Գյումրիի, Երեւանի հանրահավաքներից, քաղաքացիների հետ հանդիպումներից արձանագրել է, որ քաղաքացիները դեմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ դեմ են ռեժիմին։ Իշխանության համար այս առումով դժվար իրավիճակ չէ՞, ի՞նչ միջոցներով պետք է հավաքագրեք պահանջված քվեն։
Էսպես ասեմ՝ եթե 50 հոգանոց հանրահավաքը խոսում է Գյումրու անունից, ես դա անիմաստ եմ համարում, քանի որ 50 հոգին չեն կարող ներկայացնել Գյումրին։ Երկու խնդիր կա՝ դեմ են, նախ՝ դեմ են խոսում, որովհետեւ չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, երկրորդ՝ մտածում են, որ եթե իշխանությունը ներկայացրել է փոփոխությունները, ուրեմն ինչ որ վատ բան է, որը կապում են իրենց էսօրվա սովորական սոցիալական ծանր վիճակի հետ։ Դրա համար էլ դեմ են խոսում։ Բայց, երբ որ հանդիպում եմ, բացատրում՝ ինչի համար է, համենայնդեպս դրանից հետո դեմ խոսողները համարյա քիչ են։ Պիտի փորձել արդյունավետ ձեւով հնարավորինս շատ մարդկանց հետ հանդիպել, բացատրել՝ սա է։
Դուք ասացիք՝ դեմ են նաեւ, քանի որ իշխանությունն է ներկայացրել , իսկ իրենց վիճակը՝ չնայած իշխանությունների խոստումներին, շարունակում է ծանր մնալ , մի քանի հազար ընտանիք դեռ ապրում է տնակներում։ Դուք ինչպե՞ս եք նրանց համոզում, որ «այո» ասեն, վստահեցնում եք, որ նույն իշխանության նախաձեռնած փոփոխությոններից հետո ծանր սոցիալական վիճակը բարելավվելո՞ւ է, տնակները վերանալո՞ւ են։
Իրենց վիճակը ծանր է, սոցիալական խնդիրներ ունեն, աշխատանքի խնդիր կա, դրա համար դժգոհությունից դուրս գալով՝ ասում են «ոչ», բովանդակային «ոչ» ոչ մեկը չունի։ Ես հակառակը՝ ասում եմ, որ եթե փոփոխություններից հետո ամեն ինչ լավ է լինելու կամ «ոչ» ի ճակատը ինչ որ դեղատոմս ունի, որ «ոչ ասելով՝ ավելի լավը կլինի, չարաչար սխալվում է։ Մենք պետք է փոփոխություններ անենք, որ էդ փոփոխություններից հետո մոտ ապագայում դրական տեղաշարժ կունենանք ոլորտներում։
Պարոն Սուքիասյան, երկրաշարժից 27 տարի անց, դեռ 4 հազար գյումրեցի տնանկ է, նրանց բնակարանների հարցը լուծված չէ, երբ ասում եք՝ մոտ ապագա, ի՞նչ ժամկետ նկատի ունեք իրականում։
Մոտ ապագան ոչ հասցե, ոչ ժամկետ ունի, հերթով մեր ծրագրերը բացատտրե՞մ, ես հանդիպումների մեջ եմ, առանձին թեմա է, հետո կարող եմ այդ թեմայով հարցազրույց տալ։
Զրուցեց Գայանե Սարիբեկյանը





























