Ըստ ճշտված տեղեկությունների՝ Հարավային Սուդանում ԱՆ-12 բեռնատար օդանավի կործանումից զոհվել է 39 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ եւ 21 տեղաբնակ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկանում է ՌԴ ուժային կառույցներից՝ նշելով, որ օդաչուն ռուսաստանցի է եղել։

Օդանավը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝  ընկել է Նեղոս գետը։ Այդ պատճառով զոհերի թվում ոչ միայն ուղեւորներն են ու անձնակազմի անդամները, այլ նաեւ երկրի վրա գտնվող մարդիկ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Աթենի Վեք Աթենին, ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ  5 քաղաքացի եւ մեկ ռուսաստանցի։ Վթարից փրկվել է 3 մարդ, նրանք բոլորը Հարավային Սուդանի քաղաքացիներ են։ Օդանավը պատկանում էր Allied Services Limited տեղական ավիաընկերությանը։