Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը։ Այդ մասին ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերը նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը։

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը` ուշադրություն հրավիրելով վերջին ամիսներին լարվածության կտրուկ աճի, ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման վրա, որի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ: Սեյրան Օհանյանն իր խոսքում վերահաստատել է հակամարտող կողմերի միջեւ շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման, պատահարների հետաքննության մեխանիզմների ներդրման կորեւորությունը` կոչ անելով ավելի հասցեական դարձնել միջազգային կազմակերպությունների հորդորները հակամարտող կողմերին:

 Հերբերթ Զալբերն իր հերթին մտահոգություն է հայտնել առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներդրում կատարել վերոնշյալ ձեւաչափով բանակցային գործընթացում: