Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորատար ավտոբուսի վթարից վիրավորների մի մասը Հայաստան կժամանեն վաղը՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթի ինքնաթիռով։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, թե Երեւան ուղեւորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է նոյեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երեւանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում:
Զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրից (CARGO), մուտքը՝ Թաիրով գյուղի կողմից: Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից, իրենց տրամադրած մեքենաներով:
Ուղեւորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:
Ինքնաթիռով Երեւան կտեղափոխվեն նաեւ այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Երեւան տեղափոխվող վիրավորների անունները կհրապարակենք վաղը՝ նոյեմբերի 5-ին։
Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ նրանց առողջական վիճակը եւս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:





























