Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ զեկույցն ի սկզբանե գրվել էր ադրբեջանական կողմի թելադրանքով։  Այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝  NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով քաղաքական հարցերով կոմիտեի որոշումը Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավված տարածքներում բռնության աճի մասին» անվանումով զեկույցը ԵԽԽՎ լիագումար նիստին ներկայացնելու մասին։  

Ինչպես ընդգծել է պատգամավորը, զեկույցի միակողմանիության ապացույցն այն փաստն է, որ զեկուցողն այդպես էլ չայցելեց կողմերից մեկին՝ չեղավ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։  «Զեկույցը չի կարող հավասարակշռված համարվել եւ հայկական կողմն ի սկզբանե մտահոգություններ ուներ այս պես կոչված զեկույցից եւ դրա բովանդակությունից։   Սակայն բացահայտորեն շահագրգիռ կողմ հանդիսացող եւ ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ գտնվող զեկուցողին փոխելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Դժբախտաբար, ադրբեջանական լոբբին գործում է նաեւ ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեի մակարդակում», - ընդգծել է պատգամավորը։

Նրա խոսքով, եվրոպացի գործընկերների կողմից եւս ելույթներ են եղել զեկույցն իր ներկա վիճակով ընդունելու դեմ, նշվել է, որ զեկույցում հաշվի չի առնված կողմերից մեկի կարծիքը։ Այնուամենայնիվ, զեկույցը ներկայացնելու առաջարկն ընդունվել է։  Զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին։