Ես դեմ չեմ այցելել Լեռնային Ղարաբաղ, բայց որոշակի նախապայմաններ գոյություն ունեն, որոնք անհրաժեշտ է դիտարկել որպես իրողություն։  Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Եվրոպական միության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպելուց հետո պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչու  Հարավային Կովկաս այցի ընթացքում ինքը նաեւ ԼՂՀ չի այցելում իրավիճակին տեղում ծանոթանալու համար։   

«Մենք քննարկում ենք հարցը եւ կտեսնենք, թե ինչ արդյունք կլինի», - հավելել է Հերբերտ Զալբերը։ Անդրադառնալով նրան, թե ինչ հարցեր են քննարկվել ԼՂՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը, նա նշել է, որ զրուցակիցները իրավիճակի իրենց գնահատականներն են փոխանակել։  «Մենք իհարկե համաձայնեցինք, որ առկա է մեծ լարում եւ անկասկած ցանկություն կա սահմանափակելու դա։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա գործընթաց, որն ուղղված կլինի լարման նվազեցմանը», - ընդգծել է Հերբերտ Զալբերը։

Անդրադառնալով այդ լարման պատճառին, նա ասել է.  «Չեմ կարող հստակորեն ասել, թե պատճառը որն է։ Կախված միջադեպերից՝ կողմերն իրար են մեղադրում։ Եվ ես կարծում եմ, որ նա, ով մուտք չունի, ով տեղում չէ, չի կարող որոշել, թե ով է իրավացի եւ ով՝ մեղավոր»։