Արցախ-ԵՄ համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման եւ ամրապնդման գործում։ Այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը, որը կայացել է նոյեմբերի 4-ին, Երեւանում։
Կարեն Միրզոյանը կարեւորել է նման հանդիպումները Արցախի եւ Եվրամիության միջեւ շփումները շարունակելու առումով։
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացները, մասնավորապես, անդրադարձ կատարել 2015 թ. կայացած խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններին՝ ընդգծելով դրանց կարեւորությունը հանրային կյանքի կազմակերպման ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձեւավորման տեսանկյունից։
Կարեն Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Արցախ-ԵՄ համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման եւ ամրապնդման գործում։
Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին։ Այս կապակցությամբ երկուստեք ընդգծվել է իրավիճակն ապակայունացնելու փորձերը բացառելու եւ խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։





























