Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունը լավ գաղափար է։ Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Եվրոպական միության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպելուց հետո։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, երբ խոսքը հակամարտությունների մասին է, միջազգային հանրությանը ներգրավելը լավ գաղափար է։ Ներկայումս, սակայն, ըստ Զալբերի, ղարաբաղյան հարցում դա բարդ է անել։ «Տվյալ սցենարի դեպքում ես պատրանքներ չունեմ։ Բայց մենք պետք է աշխատենք նման մեխանիզմենրի հաստատման ուղղությամն»,- ընդգծել է Եվրոպական միության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչը։