Լեռնային Ղարաբաղի եւ Եվրամիության միջեւ համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Արցախի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ հետագա զարգացման վրա: Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ նոյեմբերի 4-ին Երեւանում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ սա դեսպան Զալբերի հետ երկրորդ հանդիպումն է: «Այսպիսի հանդիպումները, իհարկե, կարեւոր են ԵՄ-ի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ կապերի շարունակման տեսանկյունից: Ես ներկայացրեցի նախորդ հանդիպումից հետո Արցախում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- նշեց Կարեն Միրզոյանը:
Նախարարի խոսքով, կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: «Մենք համաձայնեցինք, որ հարկավոր է վերջ դնել իրավիճակը սրելու հետագա փորձերին եւ ջանքերը կենտրոնացնել խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ուղղությամբ»,- հավելեց ԼՂՀ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով խաղաղարար ուժերի տեղակայման մասին խոսակցություններին՝ Կարեն Միրզոյանն ընդգծել է. «Վստահ եմ, որ խաղաղարար լավագույն ուժերն արդեն ղարաբաղյան հակամարտության գոտում են. դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն է»:





























