2007թ. ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Երեւանում սկիզբ դրեց ֆուտբոլի  հավաքական թիմերի հանրապետական կենտրոնի շինարարությանը:

Երեք տարի անց լեգենդար ֆուտբոլիստը դարձյալ Երեւանում է` հսկայական շինարարության ավարտը եւ բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի բացումն  ազդարարելու համար: Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Միշել Պլատինիին պարգեւատրեց Հայաստանի Պատվո շքանշանով:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մանրամասն ներկայացրեց այս հսկայական կենտրոնի շինարարության ֆինանսական ծախսերը: Գլխավոր ներդրողը ՈւԵՖԱ-ն է, որը տրամադրել է 7 միլիոն 475 հազար դոլար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ծախսել է 4 միլիոն 125 հազար եւս 400 հազար տրամադրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան: Ընդհանուր 12 միլիոն դոլարի շնորհիվ այսօր մայրաքաղաքն ունեցավ բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ ֆուտբոլային մարզումներից բացի հնարավոր է անցկացնել լողի, թենիսի եւ այլ մարզաձեւերի լիարժեք մարզումներ: ՀՖՖ նախագահն իր խոսքում նշեց, որ այս կենտրոնը բաց է այդ բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների առջեւ: Բացմանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: