ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի ՏԿԱԻՆ հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Համբարձումյանը 2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, հագուրդ է տվել իր սեռական կրքերին` անչափահաս աղջնակի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:





























