«Նոյեմբերի 5»-ի գործով երկու տարվա ազատազրկման դատապարտված եւ ուղիղ երկու տարի անց, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ազատ արձակված Արմեն Հովհաննիսյանի համար առաջնային խնդիրը հիմա իր հետ դատապարտված ընկերներներին ազատելն է: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Հովհաննիսյանը ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ միջոցներով դա կարվի:
«Այս 2 տարիները ցույց տվեցին, որ մեր ընտրած պայքարի տարբերակն ամենաճիշտն է: Կան մարդիկ, որ կարծում են, որ մեր պայքարը չսկսված ավարտվեց, բայց այդպես չէ, ճաղերից այն կողմ էլ մեր պայքարը չի դադարել»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը` նշելով, որ քրեակատարողական հիմնարկում անցկացրած 2 տարիներն իր հայացքներն ու գաղափարները չեն փոխել:
Արմեն Հովհաննիսյանը վաղ է համարում խոսել ակտիվ պայքարը վերսկսելու մասին: Նրա խոսքով` առաջնայինն այս պահին իր հետ դատապարտված ընկերներին ազատության մեջ տեսնելն է։ Արմեն Հովհաննիսյանն արդեն հանդիպել է նրանցից մի քանիսի հարազատներին: Նա պատմեց, որ քրեակատարողական հիմնարկից իրեն ազատության են ճանապարհել նույն գործով դատապարտված իր ընկերներ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը.
«Իրենք լավ էին, շատ ուրախ էին, ո՞նց կարող ենք ուրախ չլինել, երբ մեր ընկերներից մեկն ազատ է արձակվում»,-ասաց նա։
Արմեն Հովհաննիսյանը դեռ չի որոշել` կմասնակցի այսօր Ազատության հրապարակում արդեն ամենամյա դարձած «Անոնիմուսների երթին», թե ոչ:
Նշենք, որ այսօր Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Անոնիմուսների երթ», որին կմասնակցեն քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիներ` բարձրաձայնելով իրենց պահանջները, սակայն այս անգամ պայթուցիչներ չեն գործածի:
Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ «Անոնիմուսների երթն» անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Հայաստանում դատական բոլոր ատյաններում բողոքարկումը ձախողելուց հետո դատապարտվածների փաստաբանները դիմել են ՄԻԵԴ:





























