Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: 230 տարեց կենսաթոշակառուի համար նախատեսված այս տուն-ինտերնատը ներկայում ունի 226 բնակիչ, ովքեր գտնվում են պետության լիակատար հոգածության եւ խնամքի ներքո:
Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված պայմաններին եւ հնարավորություններին: «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Մելքոնյանը նշել է, որ բոլոր բնակիչներն ապահովվում են օրական 3 անգամյա սննդով, հագուստով եւ անկողնային պարագաներով, կա համապատասխան սոցիալական եւ բժշկական անձնակազմ, որն իրականացնում է տարեցների խնամքը, սոցիալ-կենցաղային, բժշկական եւ հոգեբանական ծառայությունների տրամադրումը: Նա տեղեկացրել է, որ վերջերս տուն-ինտերնատում կատարվել են նորամուծություններ. արդեն գործում է դեղատուն, որտեղ տարեցներն ստանում են իրենց հասանելիք դեղորայքը, ինչպես նաեւ ստեղծվել է նորաբաց «Skype»-ի սենյակ, որի շնորհիվ նրանք հնարավորություն ունեն շփվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող ընտանիքի անդամների, բարեկամների եւ ընկերների հետ:
Արթուր Մելքոնյանը նաեւ նշել է, որ հաստատությունում պարբերաբար կազմակերպվում են ժամանցի համար նախատեսված միջոցառումներ, յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են կինոդիտումներ, շարունակականորեն բարելավվում են կյանքի եւ կենցաղի համար նախատեսված պայմանները:
Տարեցներին հյուր էին եկել նաեւ Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի սաները, ովքեր միջոցառում էին պատրաստել տուն-ինտերնատի բնակիչների համար եւ նվերներ բերել նրանց:
Հովիկ Աբրահամյանը դիտել է ներկայացված երաժշտական համարները եւ շնորհակալություն հայտնել երեխաներին մեծերի հանդեպ ցուցաբերած ուշադրության եւ հոգածության համար: Այնուհետեւ կառավարության ղեկավարը ճաշել է տարեցների հետ, զրույցի ընթացքում ծանոթացել նրանց առօրյային ու խնդիրներին: Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում եւ նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել:
Վարչապետն առողջություն եւ բարեկեցություն է մաղթել տուն-ինտերնատի բնակիչներին՝ վստահեցնելով, որ կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում տարեցների խնամքի ու հոգածության հարցերը, նրանց խնդիրները:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























