G20 երկրների առաջնորդներին, որոնք կմասնակցեն Անթալիայի գագաթնաժողովին, թուրքական կողմը նվեր կտա տեղական արտադրության բրդյա բացառիկ ծածկոցներ։ Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Սղերթի նահանգի կառավարչի ներկայացուցիչը։
Հենց այդ նահանգում են հնուց ի վեր արտադրել բարձրորակ բրդյա կարճ ու երկար ծածկոցներ, որոնք այդ շրջանի այցեքարտն են դարձել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշումներ հանձնելու որոշումն ընդունվել է հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հետ համագործակցությամբ։ «G20 երկրների առաջնորդներին որպես նվեր նախապատրաստվել են Սղերթում ձեռքով հյուսված բրդյա բազառիկ ծածկոցներ»,- նշել է կառավարչի ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ծածկոցների վրա ասեղնագործված կլինի գագաթնաժողովի եւ կազմակերպության լոգոն, իսկ ծածկոցներն էլ դրված կլինեն դարձյալ ձեռքով հյուսված բրդյա պայուսակների մեջ, որոնք կհիշեցնեն այդ շրջանի ձիավորների թամբապայուսակները։ Նվերի հետ տրվող բացիկի վրա տեղեկություներ կլինեն Սղերթում բրդյա ծածկոցների պատմության վերաբերյալ, ինչպես նաեւ այն վարպետի լուսանկարը, որը հյուսել է տվյալ նմուշը։
Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին Անթալիայի Բելեք քաղաքում։ Առաջնորդների եւ պատվիրակությունների կարիքների համար մի քանի խոշոր հյուրանոց եւ գոլֆ-ակումբ կտրամադրվի, որոնցով հայտնի է Բելեքը։ Տարածքի ընդհանուր մակերեսը, որը ժամանակավորապես կշրջափակվի իշխանությունների կողմից եւ անվտանգության հատուկ գոտու կվերածվի, ավելի քան 5 քառակուսի կիլոմետր է կազմում։





























