Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է  2016-ին Թուրքիա այցելել, տեղեկացնում է   РБК-Ուկրաինան։ Զրույցի ընթացքում Պորոշենկոն Էրդողանին շնորհավորել է նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում Արդարության եւ զարգացման կուսակցության հաղթանակի կապակցությամբ, տեղեկացնում է  «112ua»-ն։

Զրուցակիցները քննարկել են նաեւ Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հարցեր, մասնավորապես՝   2015-ի մարտին Կիեւում  բարձր մակարդակի միջպետական Ռազմավարական խորհրդի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վիճակը։ 

Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը հետագայում դիվանագիտական եղանակով կնպաստի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը։  Զրուցակիցներն ընդգծել են, որ  « անթույլատրելի են ռուսական իշխանությունների ճնշումները, որոնց Ղրիմում ենթարկվում են թաթարները, եւ արտահայտվել են նրանց օրինական իրավունքների պահպանման նպատակով փոխգործակցության շարունակման օգտին»։

Պորոշենկոն եւ Էրդողանը միաժամանակ կոորդինացրել են ջանքերը Մեծ քսանյակի գագաթնաժողովին ընդառաջ։ Գագաթնաժողովում, որը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա Անթալիայում, կքննարկվի ուկրաինական հարցը։