Երեւանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկել է Անոնիմուսների 3-րդ երթը՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով։

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, երբը ղեկավարում են Շանթ Հարությունյանի որդին՝է Շահենն ու ակտիվիստները, որոնք դիմակավորված են Գայ Ֆոքսի դիմակներով։ Երթի մասնակիցները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան»։ Երթն ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ։

Պարբերաբար ոստիկաների եւ ցուցարարների միջեւ մանր քաքշքուկներ են լինում, ոստիկանները պահանջում են քայլել մայթերով, իսկ ցուցարարները հայտնում են, որ երթն արտոնված է, իրենց թիվն էլ բավական շատ է, եւ չեն կարող դուրս գալ երթեւեկելի գոտուց։ 

Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ Անոնիմուսների երթն անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր  ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել: Հայաստանում դատական բոլոր ատյաններում բողոքարկումը ձախողելուց հետո դատապարտվածների փաստաբանները դիմել են ՄԻԵԴ:

Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին  տեղի է ունենում «Անոնիմուսների երթ»՝ քաղաքացիները դուրս են գալիս փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։