Հայաստանի դիվանագետները հակազդում են տեղեկատվական դաշտում Բաքվի գեբելսյան մարտավարությանը։ Այդ մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում 2016-ի պետբյուջեի քննարկմանը նվիրված լսումներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա նշել է, որ բոլոր արտասահմանյան դեսպանները պարբերաբար նման հարցազրույցներ են տալիս իրենց նշանակման երկրում։ «Եթե այցելել եք մեր կայք, կտեսնեք, որ եւ քարոզչական. եւ հակաքարոզչական աշխատանքը բավականին ակտիվ է», - ասել է Քոչարյանը։
Այնուամենայնիվ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը, հավելել է Քոչարյանը։ «Մի քանի տարի առաջ մեր արտասահմանյան հարեւանների քարոզչությանը նայելիս մտածում էինք. դե, խաբում են, թող խաբեն։ Բայց մեր հարեւանը գործում է գեբելսյան սկզբունքով. հազար անգամ կրկնվող սուտը ճշմարտություն է դառնում», - նշել է Քոչարյանը։
Դա թելադրում է, որ պետք է ավելի ակտիվորեն շփվել արտասահմանյան լրատվամիջոցների հետ, հավելել է նա։





























