Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը մեկնաբանել է Եգիպտոսում ռուսական А321 օդանավի կործանման կապակցությամբ հրապարակած ծաղրանկարները։ Նա նշել է, որ ծաղրանկարների նպատակը ողբերգության փաստը ծաղրելը չի եղել, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով RFI ռադիոկայանը։
«Ես ուղղակի չեմ հասկանում դա։ Մենք աշխարհիկ, ժողովրդավար եւ աթեիստական հայացքներով թերթ ենք։ Սրբապղծություն հասկացությունը մեզ համար ոչի մի նշանակություն չունի։ Մենք մեկնաբանում ենք նորությունները, ինչպես ցանկացած այլ թերթ»,- ասել է Բիարը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի արտահայտությունը, որով Պեսկովը կատարվածը սրբապղծություն էր որակել։
Բիարը հիշեցրել է, որ պարբերականը ուղղակի մեկնաբանում է կատարվածը եւ ներկայացնում է իր տեսակետը։
Հիշեցնենք, որ Charlie Hebdo-ն 2 ծաղրանկար էր հրապարակել, որոնք ներկայացնում էին Եգիպտոսում ռուսական А321 օդանավի վթարը։




























