Բունդեսթագը ուրբաթ քվեարկել է այնպիսի օրենքի օգտին, որը որոշ պայմանների առկայության դեպքում թույլ է տալիս օգնել կյանքից ինքնակամ հեռանալ ցանկացող մարդկանց, տեղեկացնում է AP լրատվական գործակալությունը։
Օրենքի համաձայն, քաղաքացիները, այդ թվում նաեւ՝ անբուժելի հիվանդի հարազատները իրավունք ունեն աջակցել էվթանազիայի անցկացմանը «անհատական հիմքի վրա, այլասիրական դրդապատճառներից ելնելով»։
Սակայն օրենքը միաժամանակ արգելում է առեւտրական հիմքի վրա նպաստել էվթանազիային։ Օրենքի այդ բաժինը խախտողին կսպառնա մինչեւ երեք տարվա ազատազրկում։
Օրենքի ընդունման օգտին արտահայտվել է 360 պատգամավոր, դեմ՝ 233, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Էվթանազիայի մասին օրենքի այդ վարկածին ավելի վաղ հավանություն էր տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Բունդեսթագում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։
Գերմանիայի արդարադատության նախկին նախարար Բրիգիտե Ցիպրասը քննադատության է ենթարկել օրենքը իրավաբանական ձեւակերպումների անորոշության համար եւ հավելել, որ դրա իրավաչափությունը կվիճարկվի Գերմանիայի Սահմանադրական դատարանում։
Ինչպես նշում է AP-ը, էվթանազիան Գերմանիայի համար հատկապես նուրբ հարց է, որովհետեւ վերջին անգամ այդ պրոցեդուրան թույլատրվել է նացիստների օրոք։ Այդ ժամանակ սպանվել է ֆիզիկական թերություններով եւ հոգեկան խանգարումներով ավելի քան 200 հազար մարդ։





























