«Հայաստանի սոցիալիստական շարժում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը կարծում է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիները վտանգավոր են Հայաստանի, հայ հասարկության համար: NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ահարոնյանը, որն այսօր` նոյեմբերի 6-ին, մասնակցում էր Հայաստանում Եվրամիության գրասենյակի շենքի դիմաց «Հանուն օրենքի» հասարակական-քաղաքական կազմակերպության կազմակերպած` ընդդեմ միասեռականության քարոզչության բողոքի ակցիային: Նրա խոսքով, անընդունելի է Հայաստանում միասեռականության քարոզումը, որն արվում է Հայաստանում միջազգային կազմակերպությունների միջոցով:

«Խնդիրը ոչ թե այն է, որ մենք դեմ ենք սեռական շեղում ունեցող մարդկանց, այլ դրա քարոզմանը: Հա, ամեն մեկը իրա անձնականն ու անկողինն ունի, թող ինչ ուզում է անի, բայց այդ ամեն ինչը բոլորիս քարոզելով թող չանեն: Անընդունելի է, երբ ակցիաներ են կազմակերպում ու ասում, որ երկու տղա, կամ երկու աղջիկ ամուսնանան, եւ դա նորմալ է: Սովետի, կոմունիստների ժամանակ էլ կային դրանցից, բայց սենց ղալմաղալ չէին անում»,-ասաց Ռոբերտ Ահարոնյանը:

Ռոբերտ Ահարոնյանը նշեց, որ ինքն անհարամար է զգում իր երեխայի հետ Երեւանի փողոցներով քայլելիս, քանի որ հանդիպում է «յուբկայով ու կոշտ ձայնով տղաների» ու չգիտի` ինչ բացատրել երեխային:

«Իրավունքների հավասարությունը հո չի՞ նշանակում, որ 18 տարեկանում ընտրեն` իրենք էգ են, թե որձ, դա պարադոքս ա, աննորմալություն ա: Մեր ազգային մենթալիտետը ոտնահարվում է, 7 թիվը Աստծու թիվ ա, սուրբ թիվ, նույնիսկ սրանց դրոշն ա 7 գույնից քիչ, 6 գույնանի ա` սատանայի թվով: Դրանց երեխան ի՞նչ ա ասելու, ո՞նց ա հասկանալու, որ մեկն ա իր հայրը, որ մեկը` մայրը, դա առնվազն աննորմալություն ա»,-ասաց Ռոբերտ Ահարոնյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am–ը, «Հանուն օրենքի» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամները նոյեմբերի 6–ին Երեւանում ԵՄ հայաստանյան ներկայացուցչության շենքի առջեւ այրեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը։