Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը սկսել է կես տարի առաջ, թեեւ նախագիծն ամբողջական տեսքով հրապարակվել է երեք ամիս առաջ։ Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Մեր հարցին, թե իշխանություններից քաղաքացիների դժգոհությունը ինչպե՞ս կանդրադառնա հանրաքվեի արդյունքների վրա, առավել եւս, որ «Ոչ»-ի ճակատը հանրահավաքների ու հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ փոփոխություններին «ոչ» ասելով, «ոչ» են ասում այս իշխանություններին, Մինասյանը պատասխանեց. «Դա քարոզչական հնարք է, բխում է ընդդիմադիրների կարգավիճակից։ Ես դա չեմ դատապարտում, նորմալ քարոզչական հնարք է։ Մենք կաշխատենք, եւ դեկտեմբերի 6-ին պարզ կլինի, թե մեր բնակչությունը ինչն է նախընտրում՝ «այո», թե «ոչ»»։
Մինասյանը պնդեց, թե փոփոխությունները լուծելու են բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր շեշտում են իշխանության ընդդիմախոսները։
«Երբ մենք ասում ենք, որ հիմնական խնդիրն այն է, որ մենք ունենք իշխանության գերկենտրոնացում, դա թույլ չէր տալիս ավելի արդյունավետ իրականացնեինք մասնավորապես տնտեսական քաղաքականությունը, որը հռչակվում էր։ Հիմա եթե գերկենտրոնացումը վերանա, մենք կունենանք այնպիսի իրավիճակ, երբ որ խորհրդարանում մի ուժ չի ունենա բացարձակ իշխանություն, դա կբերի նաեւ հնարավորություն, որ ընդդիմության մասնակցությունը կբերի իր հետ այն դրական էլէմենտները, որն էլ իր հերթին կնպաստի սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասել է Մինասյանը։
Դիտարկմանը, թե իր այս բացատրությունները որքանով արժանահավատ կլինեն գործազուրկ, վարկերի, եւ այլ բազմաթիվ սոցիալական խնդիրների լծի տակ գտնվող քաղաքացիների համար, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց, թե կզարմանա, եթե քաղաքացին նախընտրությունը տա ներկա իրավիճակին ու ասի «ոչ»։ Ըստ մեր զրուցակցի, պետք է նախընտրությունը տան ապագային, որն այս փոփոխություններից հետո բարելավվելու է։
Դիտարկմանը, թե ապագա ասելով՝ մոտավոր ինչ ժամկետներ նկատի ունեն, որի ընթացքում իրենց այսօրվա հավատիօացումներն արդեն իրատեսական լինեն քաղաքացիների համար, պատգամավորը նշեց.«Պետք է ֆիքսենք, որ եթե նա այսօրվա վիճակից դժգոհ է, հետեւաբար «ոչ» չի կարող ասել, իսկ ինչ վերաբերվում է ապագային, ապա տարբեր խնդիրներ տարբեր ժամանակահատվածներում կլուծվեն»։





























