Բրիտանական Thomas Cook ընկերության օդանավը, որը բրիտանական զբոսաշրջիկներին փոխադրելու համար Շարմ Էլ-Շեյխ էր ուղեւորվում, կես ճանապարհից հետ է դարձել Մեծ Բրիտանիա: Այս մասին հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Ընկերությունում առայժմ չեն մեկնաբանել իրավիճակը: Դատելով առցանց-թրեքերից՝ Thomas Cook-ի օդանավը շրջվել է Ալբանիայից եւ վերադառնում է Մանչեսթեր:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախնական տեղեկություններով, դա կարող է կապված լինել եգիպտական օդանավակայանի գերծանրաբեռնվածության հետ, որտեղ, բրիտանական լրատվամիջոցների պնդմամբ, Ռուսաստանի կողմից Եգիպտոսի հետ հաղորդակցության դադարեցումից հետո իսկական քաոս է տիրում:
Ավելի վաղ Բրիտանիայի կառավարությունը դադարեցրել էր եգիպտական Շարմ Էլ-Շեյխի հետ օդային հաղորդակցությունը՝ ելնելով ռուսական ինքնաթիռի կործանումից հետո անվտանգության շուրջ մտահոգությունից: Վերականգնվել էին միայն Շարմ Էլ-Շեյխից չվերթները՝ բրիտանացի զբոսաշրջիկներին դուրս բերելու համար:





























