Սպիտակի ճանապարհին այսօր` նոյեմբերի 6–ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկին Սպիտակի հիվանդանոցից տեղափոխում են Երեւան: Այս մասին News.am-ին հայտնեցին Սպիտակի բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նա մեքենաներից մեկի վարորդն է՝ 1989թ. ծնված Կարեն Կիրակոսյանը:
Կարեն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Մյուս վարորդի՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Արամ Մկրտչյանի վիճակը միջին ծանրության է, իսկ ուղևոր, Արջուտ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Արման Բադեյանինը՝ բավարար:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել քաղաքի մուտքը խորհրդանշող կամարների տակ: Իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու մեքենաները: Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենաների վարորդները եւ ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:
Տեղի ու փրկարարների ուժերով նրանք դուրս են բերվել այրվող մեքենաներից, երեք մարդ խոր այրվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած` Լոռու մարզի փրկարարական վարչության փրկարարները մարել են հրդեհը։








































