Նոյեմբերի 3-ին Տուլայում Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված 45-ամյա Հայկ Հովհաննիսյանի մարմինն այսօր՝ նոյեմբերի 6-ին հողին են հանձնել հայրենի քաղաքում։

Այս մասին NEWS.am-ին հայտնեց զոհվածի եղբորորդին՝ Էրիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հորեղբորը հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի գերեզմանատանը՝ հարազատների կողքին։

Հայկ Հովհաննիսյանը խոհարար էր, ամեն տարվա նման՝ գարնանը, Մոսկվա էր մեկնել աշխատելու նպատակով: Ուներ երկու զավակ։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել վթարի հետեւանքով մահացած ութ ուղեւորների մարմինները, որոնք այսօր՝ վաղ առավոտյան, հանձնվեցին հարազատներին։

Մյուս 7 զոհերի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 7-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: