Նյու Յորքի գլխավոր ծննդյան տոնածառը տեղադրվել է ուրբաթ օրը՝ մեգապոլիսի կենտրոնում գտնվող Ռոքֆելեր-պլազա հրապարակում, 26 աստիճան շոգի պայմաններում։ Փշատերեւ ծառը, որի բարձրությունը գրեթե 24 մետրի է հասնում, իսկ զանգվածը մոտ 10 տոննա է, բերել են հսկայական բեռնատարով, Գարդներ (Նյու Յորքի նահանգ) փոքրիկ քաղաքից։
Եղեւնին մեգապոլիսին նվիրել է Էյզենդորֆ ընտանիքը, որին արդեն չորս սերունդ շարունակ պատկանում է այն հողը, որտեղ աճում է եղեւնին։
Ուրբաթ օրը Նյու Յորքի եղանակը բոլորովին չէր հիշեցնում մոտեցող Սուրբ Ծննդի մասին։ Մինչ բանվորները տեղադրում էին եղեւնին, քաղաքի կենտրոնում ջերմաստիճանը պլյուս 26 էր։ «Սա ռեկորդային ցուցանիշ է, որը վերջին անգամ արձանագրվել էր 1948-ին», - լրագրողներին հայտնել է Ջեյ Էնգլը Ազգային օդերեւութաբանական ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մի քանի շաբաթվա ընթացքում եղեւնին կզարդարեն հսկայական ծաղկաշղթայով, որին 45 հազար լամպ է ամրացված, իսկ գագաթին, ավանդույթի համաձայն, հսկայական բյուեղապակե աստղ կդնեն։ Աստղը ստեղծել են ավստրիական Swarovski ընկերության վարպետները։ Ավանդաբար սուրբ ծննդյան սեզոնը ԱՄՆ-ում սկսվում է այն օրը, երբ եղեւնու վրա վառվում են լույսերը։ Այս տարի եղեւնու լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։
Ռոկֆելեր-պլազայում եղեւնի տեղադրելու ավանդույթը ձեւավորվել է 1930-երի սկզբին։ Ռոկֆելեր կենտրոնի շինությունները կառուցած բանվորներն առաջին անգամ 1931-ին տոնական ծառը տեղադրել են հենց շինհրապարակում. իսկ եղեւնու լույսերը վառելու առաջին արարողությունը տեղի է ունեցել 1933-ին։





























