Սպիտակ քաղաքի մուտքի մոտ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած 30-ամյա Արամ Մկրտչյանն ու 27-ամյա Արման Բադեյանը, որոնք տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, առավել ծանր ու վտանգավոր վնասվածքներից փրկվել են դեպքի վայրում գտնվող բնակիչների արագ արձագանքի շնորհիվ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով, երիտասարդներն արդեն դուրս են եկել շոկային վիճակից, նրանց վիճակը բավարար է:
«Բարեբախտաբար, թաղի ժողովուրդը շուտ հասել, հանել են տղաներին ու նրանք այրվածքներ չեն ստացել, այլապես հետևանքները կարող էին անդառնալի լինել: Արամի վիճակը ծանր, իսկ Արմանի վիճակը բավարար է: Արմանը ամենից քիչ է տուժել, միայն գլխուղեղի ցնցում է ստացել: Արամի վիճակն ավելի ծանր է՝ նա ազդոսկրի ու թևի բազմաբեկոր կոտրվածքներ է ստացել»,-ասաց տնօրենը:
Արսեն Մկրտչյանը նշեց, որ Արման Բադեյանը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից, Արամը ավելի երկար ստացիոնար բուժում կստանա, նրան առաջիկայում նաև վիրահատություն է սպասվում:
Ավտովթարի հետեւանքով մարմնական ծանր վնասվածքներ ստացած երրորդ անձը` Վանաձորի բնակիչ 26-ամյա Կարեն Կիրակոսյանը, որին գանգուղեղային վնասվածքներով, պոլիտրավմաներով, 2-3 աստիճանի այրվածքներով, ստորին վերջույթների վնասվածքներով նոյեմբերի 7-ի երեկոյան տեղափոխել են Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոց, վթարից որոշ ժամանակ անց կոմայից դուրս է եկել:
Նրա մայրը՝ Անժիկ Սիմոնյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Կարենի մոտ առկա են կոտրվածքներ եւ այրվածքներ:
«Երեխուս թևերի այրվածքներն են խորը: Այժմ պառկած է Վերակենդանացման բաժանմունքում: Ոտքն է կոտրված երկու տեղից, այրվածքներն են շատ»,- ասաց Անժիկ Սիմոնյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սպիտակի ճանապարհին քաղաքի մուտքը խորհրդանշող կամարների տակավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու մեքենաները: Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենաների վարորդները եւ ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:
Տեղի ու փրկարարների ուժերով նրանք դուրս են բերվել այրվող մեքենաներից, երեք մարդ խոր այրվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած` Լոռու մարզի փրկարարական վարչության փրկարարները մարել են հրդեհը։








































