Մարդկանցից շատերը նյարդայնանում են եւ անգամ ագրեսիվ են դառնում քաղցած ժամանակ: Ամերիկացի դիետոլոգ Բրենդա Բասթիլոսը կարծում է, որ նման պահվածքը շատ նորմալ է, քանի որ ի հայտ են գալիս կենդանի մնալու մեխանիզմները: Մարդու ուղեղը շատ մեծ քանակությամբ գլյուկոզա է սպառում, եւ երբ պաշարները ավարտին են մոտենում, ուղեղը սթրեսի հորմոնի միջոցով ազդակ է ուղարկում, որ դրանք լրացնելու կարիք կա:

Գլյուկոզայի պակասի դեպքում ուղեղը տնտեսում է ջանքերը, այդ պատճառով դատարկ ստամոքսով դժվար է կենտրոնանալ բարդ խնդիրների վրա: Ավելին՝ քաղցած ժամանակ դժվար է քաղաքավարի լինել մարդկանց հետ: Մարդկանց կոպտելուց խուսափելու համար կարելի է ձեռքի տակ միշտ պահել չրեր, թխվածքաբլիթներ, ընկույզ: Կոնֆետներն ու քաղցր գազավորված ըմպելիքները կարճ ժամանակով են հաղթահարում քաղցը,  որից հետո այն նոր ուժով է առաջանում, փոխանցում է Kedem-ը: