Բրյուսելի արվեստի եւ պատմության թանգարանների հավաքածուների 40 տարի առաջ անհետ կորած երկու մումիաներից մեկը հայտնաբերվել է այն իրերի թվում, որոնք վաճառքի են հանվել բելգիական Մոնս քաղաքի աճուրդում, գրում է Le Soir թերթի էլեկտրոնային տարբերակը։
Թերթի տվյալներով, մումիաների «հետքերը» կորել էին 1970-ականներին՝ այն բանից հետո, երբ դրանք տվել էին երկու բրյուսելցի բժշկի՝ հետազոտությունների համար։ Բժիշկները բալասանով օծված դիակներից մեկը մասնատել էին, իսկ մյուսը ռենտգենյան հետազոտության էին ենթարկել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել էին 1973-ին։
Անհայտ պատճառով մումիաներն այդպես էլ չէին վերադարձվել թանգարաններին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Իսկ անհետացած ցուցանմուշը աճուրդում վաճառել փորձած մարդը վերոհիշյալ բժիշկներից մեկի 66-ամյա որդին էր։ Սակայն նա, ամենայն հավանականությամբ, կխուսափի քրեական պատասխանատվությունից, որովհետեւ նրա հոր տանը հայտնաբերված մումիան առաջվա նման գիտական նպատակների համար տրամադրված է համարվում, նշում է պարբերականը։




























