Օրհուսի համապատասխանության կոմիտեն Հայաստանին զգոնության կոչ է արել՝ զգուշացնելով, որ եթե Հայաստանը չկատարի ստանձնած պարտավորությունները, Հայաստանի՝ Օրհուսին անդամակցությունը դադարեցնելու հարցը կդրվի քննարկման: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանը:
Մարի Չաքրյանը նշեց, որ Հայաստանը պետք է կոնկրետ ներկայացներ, թե հանրությունը շրջակա միջավայրի խնդիրների կարգավորման հետ կապված ցանկացած գործընթացի ինչ մասնակցություն է ունենում: Նրա խոսքով, Հայաստանը պետք է մշակեր հանրության մասնակցության ընթացակարգ, եւ Օրհուսի համապատասխանության կոմիտեին հաշվետվություն ներկայացներ, որն ուշացվել է:
«Հայաստանը զեկույց է ներկայացրել արված քայլերի վերաբերյալ, սակայն դրա անգլերեն տարբերակը չի ներկայացվել եւ ստացել է 2-րդ նախազգուշացումն այն մասին, որ կատարի ստանձնած պարտավորությունները, այլապես Օրհուսի համապատասխանության կոմիտեն հայտարարություն կանի Հայաստանի՝ Օրհուսի կոնվենցիային անհամապատասխանության մասին, այնուհետեւ կքննարկվի անդամակցության հարցը»,-ասաց Մարի Չաքրյանը՝ նշելով, որ կոմիտեն Հայաստանին ժամանակ է տվել առկա թերությունները շտկելու ռազմավարական քայլեր մշակելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ ընդամենը Օրհուսի համապատասխանության կոմիտեի կողմից եղել է հիշեցում, ոչ թե զգուշացում, որն ուղարկվում է բոլոր այն երկրների, որոնք անդամակցում են դրան:
«Մեր խնդիրը փորձաքննության մասին նոր օրենքի ընդունումն էր, նոր մոտեցումների ամրագրումը, հասարակության մասնկացության ընթացակարգը: Նոր օրենքը ընդունվեց, լրացումները կատարվեցին, կառավարությունն ընդունեց որոշումը, որը բխում էր «Հասարակության իրազեկման եւ մասնակցության մասին» օրենքից, սակայն մեկ խնդիր ունեցանք, այն պետք է անգլերեն լեզվով թարգմանվեր, սակայն չհասցրինք, ուշացրինք: Հիմա արդեն գործընթացի մեջ է թարգմանությունը, ոչ մի անհանգստանալու բան չկա, ամեն ինչ կարգին է»,- մեզ հետ զրույցում ասաց Օրհուսի կոնվենցիայի համակարգող Աիդա Իսկոյանը:
Նշենք, որ Օրհուսի կոնվենցիային Հայաստանը միացել է 1998թ.,այն պարտավորեցնում է մատչելի տեղեկատվություն տալ ու ապահովել հանրության մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին:





























