Երեւանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում եւս մեկ դատապարտյալ նույն պահանջով հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
Այս պահին հացադուլավորները հինգն են, նրանց վիճակը բավարար է: Դատապարտյալները բողոքում են պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի՝ իրենց դիմումները մերժելու որոշումների դեմ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից հացադուլ են սկսել նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ Փայլակ Խանամիրյանը, հաջորդ օրը նրանց էր միացել եւս 6 դատապարտյալ:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՔԿՀ գնացած նախարարության աշխատակիցների այցից հետո 6 դատապարտյալ հացադուլը դադարեցրել էր:





























