Վայոց ձորում երկու տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Նարեկը Եղեգնաձոր քաղաքից է, հայրն արդեն մի քանի ամիս է՝ բուժում է ստանում հոգեբուժարանում: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Նարեկը բնակվում էր մոր եւ փոքր եղբոր հետ։ Վերջին շրջանում շրջում էր Եղեգնաձորի եւ հարակից գյուղերով եւ մարդկանց առաջարկում գումարի դիմաց ընկույզ հավաքել կամ հողամասում աշխատել: Նարեկը պատճառաբանում էր, թե ընտանիքին պահելու համար իրեն գումար է հարկավոր: Նմանատիպ «օգնություն» էլ Նարեկն առաջարկել էր միայնակ բնակվող 91-ամյա Վ. Սիմոնյանին եւ հողամասում միայնակ աշխատող 87–ամյա Գ. Բարսեղյանին: Օգտվելով տարեց կանանց անօգնական վիճակից՝ Նարեկը սպանել է նրանց եւ հափշտակել ոսկյա ականջօղերը, որոնք վաճառել է Եղեգնաձորում:
Հիշեցնենք, որ 16-ամյա Ն.Խ.-ն հոկտեմբերի 21-ին մեղադրվում է Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին եւ Վերնաշեն գյուղի 87-ամկա Գ. Բարսեղյանին սպանելու, ապա ոսկյա ականջօղերը հափշտակելու մեջ:
Ն.Խ.-ն տվել է խոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Երիտասարդը կալանավորված է:





























