Ընտրակեղծիքների ձեւն ընտրությունից ընտրություն փոխվում է, հիմա մարդկանց շահագրգռում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, որ իշխանությունը հանրաքվեի դեպքում եւս գործի է դնելու ընտրակեղծիքների մեքենան:
«Ընտրակեղծիքն ուրիշ բան է: Մենք հիմա ընտրակեղծիքներ չունենք, կրկնակի քվեարկությունները, զոռբայությունն ընտրությունից ընտրություն պակասել է, էս Ձեզ ասում է մի մարդ, որը բոլոր ընտրություններին մասնակցել է»,-ասաց իշխանության ներկայացուցիչը` պարզաբանելով, որ հիմա ավելի հեշտ ձեւ են գտել։
«Էսօր մարդիկ, որ մասնակցում են ընտրությունների, ավելի հեշտ ձեւ են գտել, այդ հեշտ ձեւը մարդկանց շահագրգռելն է, կա էդ բանը: Մեկը ասում է, թե սա բարեգործություն է`ասֆալտ են անում, որը պիտի վերացվի: Օրինակ, անցած անգամ «Ժառանգությունն» ստացավ բավականին լուրջ ձայներ Արարատի մարզում, որտեղ ես «Ժառանգություն»-ից անդամ չեմ տեսել, հասկանո՞ւմ եք, բայց 600 ձայն տարան Արարատ գյուղից: Ոնց եկավ տարավ, ես չկարողացա մինչեւ վերջ գլխի ընկնեմ: «Ժառանգություն»-ը կազմակերպություն չուներ, անդամ չուներ: Ես հասկացա` ով ուզում է լինի, դժգոհ մասսան նրան ձայն է տվել: Ընտրակեղծիքներ եթե լինեին, մենք չէի՞նք կարող էդ բանը վերցնել դնել: Ուրեմն դրա կարիքը չկա, ուրեմն ընտրությունից ընտրություն ընտրակեղծիքների որակը, ձեւը փոխվում է»,- ընդգծեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Հարցին, թե հանրաքվեի դեպքում, ընտրակեղծիքների իրեն հայտնի ո՞ր ձեւն է կիրառվելու, ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որ արդար ընտրություն լինի: Նրա խոսքով, հանրաքվեի նկատմամբ այս հատուկ մոտեցումը ի տարբերություն խորհրդարանական ու նախագահական ընտրությունների, պայմանավորված է նրանով, որ սա երկրի հիմնական օրենքն է:
«Հանրաքվեի դեպքում Հանրապետական կուսակցությունն աշխատում է ամեն ինչ անել, որ արդյունքները լինեն մաքուր: Նախագահական, պառլամենտական ընտրությունների ժամանակ անձնավորված շահագրգռվածություն կա, այսինքն` պատգամավորներն ամեն մեկն իր համար է շահագրգռված, իսկ Սահմանադրությունը մեր երեխեքի ապագայի մասին է, հիմնական օրենքն է, եւ բոլորս էլ մտածում ենք: Ես չեմ բացառում, որ համապետական ընտրությունների ժամանակ, հատկապես մեծամասնական ընտրակարգով անցնող թեկնածուն կաշառք է տալիս: Բայց կեղծել ասելով` սա էլ եկեք հասկանանք, ասենք, մեկն էլ բարեգործություն է անում, հիմա հարցնում եմ` ասֆալտ անելը գյուղի համար կաշա՞ռք է, թե չէ»:





























