Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի անձնակազմի 5 անդամների մարմինները Հայաստան կտեղափոխվեն առանձին-առանձին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասացին զոհված երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանի հարազատները:

«Տեխնիկական խնդիրներ կան, այս պահին փաստաթղթերն են դասավորում, որ կարողանան մարմինները Հայաստան տեղափոխել: Առանձին- առանձին են մարմինները տեղափոխելու հայրենիք»,- նշեցին հարազատները:

Նրանք հաստատեցին տեղեկությունները, որ կործանված օդանավը պատկանել է «Տարոնավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին պատկանող, ԱՄԷ–ում գրանցված Ala Avia International LTD ընկերությանը. «Գիտենք նաեւ, որ Գառնիկ Պապիկյանի ընկերությունից էլ ներկայացուցիչ կա Հարավային Սուդանում»:

Հիշեցնենք, որ 2015թ.  նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։  ԱՆ-12-ը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝  ընկել է Նեղոս գետը։ ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ  5 քղաքացի` հրամանատար Գեւորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան։ ՀՀ բոլոր քաղաքացիները զոհվել են։ Վերջին տվյալով` ավիաաղետի հետեւանքով զոհվել է 40 մարդ։