Ինդոնեզիայի թմրանյութի անօրինական շրջաառության դեմ պայքարի վարչությունն առաջարկել է այնպիսի բանտ կառուցել, որը կհսկեն կոկորդիլոսները, տեղեկացնում է «ԱիՖ»-ը՝ վկայակոչելով Ֆրանս Պրեսին։
Նախատեսվում է կղզում ուղղիչ հաստատություն ստեղծել, որում կպահվեն թմրանյութի առեւտրի համար մահվան դատապարտվածները։ Նշվում է, որ նախաձեռնության հեղինակը Բուդի Վասեսո վարչության ղեկավարն է, որը նախատեսում է շրջել երկրի տարբեր շրջաններով՝ բանտարկալների հսկողության համար պիտանի կոկորդիլոսներ փնտրելով։
«Մենք հնարավորինս շատ կոկորդիլոսներ կտեղավորենք այնտեղ։ Ես կզբաղվեմ կոկորդիլոսների ամենակատաղի տեսակների փնտրտուքով», - ասել է Վասեսոն։
Նա նշել է, որ կոկորդիլոսները կարող են ավելի լավ պաշտպանություն ապահովել, որովհետեւ, ի տարբերություն մարդկանց, նրանց անհնար է կաշառել։
Այժմ շինարարության նախագիծը մշակման վաղ փուլում է։ Այս պահին դեռեւս հայտնի չեն դրա իրացման ժամկետները, ինչպես նաեւ՝ թե որտեղ է տեղակայվելու։





























