Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 42-ամյա բնակիչ Հովսեփ Սարգսյանը դատարանի առջեւ է կանգնել միանգամից երեք մեղադրանքով` առեւանգման, սպանության փորձի եւ սպանության։

Ըստ մեղադրական եզրակացության` Հովսեփ Սարգսյանը, որը տառապում է «մտավոր թերնորմալություն» հոգեկան հիվանդությամբ, իբրև երազում տեսնելով, որ իր հարևան Էդվարդ Մելիքյանի 6-ամյա թոռնուհին քարով հարվածել է իր շանը, 2013թ. հոկտեմբեր ամսին  երեխային «դաստիարակելու» նպատակով, վերջինիս ձեռքից քաշելով իրենց գյուղի մանկապարտեզի խաղահրապարակից առևանգել է նրան, տարել հարակից հիվանդանոցի նկուղ և շուրջ 5-10 րոպե երեխային պահել այնտեղ:

Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` անչափահասի առեւանգում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Բացի այդ, երբ երեխային ընտանիքը դիմել է ոստիկանություն, Հովսեփ Սարգսյանը որոշել է վրեժ լուծել եւ 2014թ. սեպտեմբերին  Էդվարդ Մելիքյանին պատկանող խաղողի այգում իր մոտ եղած ռետինե խողովակը նրա պարանոցին փաթաթելու և սեղմելու եղանակով փորձել է սպանել նրան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել համագյուղացու միջամտության շնորհիվ։

Սակայն ութ ամիս անց` 2015թ. ապրիլին, Հովսեփ Սարգսյանն իրականացրել է իր մտադրությունը, իբրև Էդվարդ Մելիքյանի հետ հաշտվելու և հյուրասիրելու պատրվակով նրա հետ հանդիպել է իրենց գյուղի տարածքում գտնվող այգու մոտ, որտեղ Մելիքյանին հյուրասիրել է նախապես իր հետ բերած ուտելիքն ու օղին, այնուհետև նրան հասցնելով ալկոհոլային հարբածության վիճակի` պարանոցին`վահանաճառի շրջանում բութ առարկայով սեղմելու եղանակով մեխանիկական շնչահեղձությամբ սպանել է նրան:

Հովսեփ Սարգսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Սարգիս Հովսեփյանը կալանավորված է։ Նրա գործը քննում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը։