Որդու ընկերոջը` 12-ամյա Մարտին Բալյանին, ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանի պաշտպանը կարծում է, որ իր պաշտպանյալը պետք է չկալանավորվեր։

«Մխիթարի դեմ բողոքը հետ են վերցրել, երբ կալանավորման որոշում է եղել։ Նա չի խուսափել, չի թաքնվել, առաջին իսկ կանչով ներկայացել է։ Ինչու՞ են  կալանավորում, էլ կալանավորման անհրաժեշտությունը ո՞րն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Դավիթ Մնացականյանը։

Պաշտպանի խոսքով՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա նախնական կալանքի որոշում է կայացրել դատաբժշկական եզրակացությունը ստանալուց հետո, որի արդյունքում Մխիթար Սարգսյանին մեղսագրվող արարքը վերաորակվել է, իսկ մեղադրյալը կալանավորվել է վարույթն իրականացնող մարմնից չխուսափելու նպատակով։

«Դատարանը պատճառաբանում է, որ արարքի վերաորակման ու դրա արդյունքում փախչելու հավանականությունից խուսափելու հետ կապված է Մխիթարը կալանավորվել։ Փորձագետը եզրակացություն է տվել, որով էլ, հաշվի առնելով վնասվածքների ծանրության եւ տեղակայման քանակությունը, մեղադրանքը խստացվել է»,-ասաց պաշտպանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ որդու ընկերոջը` 12-ամյա Մարտին Բալյանին, ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը հոկտեմբերի 19-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում որոշմամբ երկամսյա ժամկետով կալանավորվել է։ Մեղադրյալն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է:

Նշենք, որ Մխիթար Սարգսյանի դեմ բողոքը հետ էր վերցվել, սակայն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ  մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ եւ առանձին դաժանությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ:

Մեզ հետ զրույցում 12-ամյա Մարտինի մայրը՝ Լալա Բալյանը հայտնել էր, որ ներել է  Մխիթար Սարգսյանին եւ հետ է վերցրել բողոքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 12-ամյա Մարտին Բալյանին բակում ծեծի էր ենթարկել ընկերոջ հայրը՝ 36-ամյա Մխիթար Սարգսյանը, որին երեք տարվա ազատազրկում է սպառնում: Մարտինը ստացել էր քթի կոտրվածք, գանգուղեղի ցնցում: