Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 34-ամյա բնակիչ,Կարեն Շահվերդյանը (մականունը` Կարաշ) եւ նույն գյուղի բնակիչ 51-ամյա բնակիչ Արշակ Արշակյանը կանգնել են դատարանի առջև եղբայրներ Համլետ և Մարատ Ղազարյաններին ծեծի ենթարկելու եւ դանակահարելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության` Կարեն Շահվերդյանը համագյուղացիներ Արշակ Արշակյանի և Խաչատուր Պետրոսյանի հետ միասին 2011թ. հունիսի 20-ին, ժամը 23-ի սահմաններում իրենց գյուղի տարածքում գտնվող սեղանի շուրջ հացկերույթի ժամանակ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` պահանջել է իրեն մոտենան այդ պահին նույն տարածք եկած եղբայրներ Համլետ և Մարատ Ղազարյանները, որոնց նա նախատել է ավտոմեքենայի լույսերն իրենց ուղղությամբ գցելու համար: Սակայն Ղազարյանների կողմից մերժում ստանալուց հետո մոտեցել է ավտոմեքենային, հայհոյել և ավտոմեքենայի բաց պատուհանից ձեռքին եղած դանակով հարվածել է Համլետ Ղազարյանի ուսին` վերջինի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Կոտայքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կատարվածի առնչությամբ։ Կարեն Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2–մասի 6-րդ կետով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը խուլիգանական դրդումներով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև նույն գյուղի 51-ամյա բնակիչ Արշակ Արշակյանին, որը ծեծկռտուքի ժամանակ գետնից վերցրած դանակով հարվածել է Մարատ Ղազարյանի կրծքավանդակի` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է դանակը, որով կատարվել է հանցագործությունը:
Գործը քննում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը։





























