18-ամյա Արթուր Օհանջանյանը բանակ զորակոչվելուց 6 ամիս անց որոշեց, որ հետախույզ է դառնալու եւ շարունակելու ծառայությունը: Օհանջանյանները որդու որոշումն ընդունեցին մեծ ոգեւորությամբ, սակայն չէին պատկերացնում, թե ճակատագիրն ինչ «անակնկալ» է պատրաստել իրենց համար:

2012թ, դեպտեմբերի 16-ին Արթուրը մեկնեց ծառայության ԼՂՀ Հադրութի շրջան, 6 ամիս անց Փամբակում պատրաստվելուց հետո վերադարձավ Հադրութ արդեն որպես հետախուզության ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ:

«1,5 տարվա զինծառայող էր, որ որոշեց Հոկտեմբերյանում սովորել եւ ընդմիշտ նվիրվել բանակին: Որոշումն արդեն կայացրել էր, օրեր անց պիտի վերադառնար, մեկներ Հոկտեմբերյան, սակայն հակառակորդի գնդակն ավելի շուտ հասավ նրան»,- պատմեց Արթուրի հայրը՝ Սեյրան Օհանջանյանը:

2014թ. մայիսի 20-ին Արթուրը դիրքերում էր, ծնողների հետ խոսել եւ հայտնել էր, որ դիրքերից իջնելուն պես արձակուրդ է գալու: Զանգից 5 ժամ անց ծնողներին հայտնեցին, որ որդին մահացու վիրավորում է ստացել:

«Կրծքի աջ շրջանում է վիրավորումը ստացել, մինչեւ հասցրել են հոսպիտալ, որդիս մահացել է: Մենք չենք էլ իմացել, որ այդ օրերին լարված է եղել, հակառակորդն անընդհատ կրակել է: Միայն Արթուրիկիս մահանալուց հետո այդ ամենն իմացանք: Տղաս մեզ ոչինչ բանակից չէր պատմում»,- ասաց Սեյրան Օհանջանյանը:

Արթուրի հարազատ գյուղում՝ Բռնակոթում, այսօր հերոսին նվիրված հուշակոթող կա, որտեղ այցի են գալիս բռնակոթցիները, մահացած զինծառայողի ընկերները:

«Արթուրիկս այն երեխաներից էր, որին գյուղում բոլորը սիրում էին, շատ աշխույժ երեխա էր, սպորտով էր զբաղվում: Ինքնուրույն էր, իր ֆինանսական հարցերն ինքն էր լուծում, մեզնից գումար չէր ուզում»,- նշեց Սեյրան Օհանջանյանը:

2014թ. մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 20-ամյա Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Նա հետմահու պարգեւատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: