Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պայմանագրային զինծառայող, Շիրակի մարզում կախված վիճակում հայտնաբերված Արթուր Աֆյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
«Այս պահին Աֆյանի սպանության մասին վկայող ապացույց չկա: Նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու մահվան հանգամանքները»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել է 2015թ. փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը, դիմել էր ոստիկանություն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։
Մարտի 8-ին Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածին գտնվող սուպերմարկետի հետնամասում հայտնաբերել են Արթուր Աֆյանի դին՝ կախված վիճակում:
Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:





























