Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերը քարոզարշավին ոչ թե ասում են, թե ինչու է Սահմանադրությունը վատը, այլ միայն մարդկանց հորդորում են դեմ քվեարկել, որովհետեւ իշխանությունն է այն նախաձեռնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Ցավոք, մենք չենք հանդիպում «Ոչ»-ի բովանդակային քննարկումների, նրանք շարունակում են «ոչ»-ը կապել ստեղծված սոցիալական վիճակի հետ, որը կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ: Սա ընդամենը քմահաճույք է ընդդիմության համար. եթե իշխանությունն է սա նախաձեռել, ուրեմն սա լավ չի, ժողովրդին էլ են նույն կերպ բացատրում: Զավեշտ է, ընդդիմությունը ասում է՝ մինչեւ դեկտեմբերի 6-ը իշխանությունը տվեք մեզ, մենք նույն ձեւով իրականացնենք սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ ի տարբերություն «Ոչ»-ի ճակատի, «Այո»-ի ճակատը բովանդակային քարոզարշավ է իրականացնում, ժողովրդին բացատրում փոփոխությունների նպատակն ու անհրաժեշտությունը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին: