Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իրավունք ունի «այո»-ի քարոզարշավով զբաղվել որպես Հայաստանի մտահոգված քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի «այո»-ն քարոզող տեսահոլովակին:

«Ի՞նչ վատ է, որ պաշտպանության նախարարն արդեն իսկ տեսնում է փոփոխությունների առավելությունները եւ նշում դրանք: Պաշտպանության նախարարն իր տեսակետն է հայտնում եւ դրա իրավունքն ունի` որպես Հայաստանի ապագայով, նաեւ բանակի պաշտպանունակությամբ մտահոգված քաղաքացի»,-ասաց Մելիքյանը:

Ըստ նրա, պաշտպանության նախարարի «այո»-ն հրաման չէ ուղղված զինված ուժերում քվեարկելու իրավունք ունեցող անձանց: «Բանակում պաշտպանությամբ զբաղվող ցանկացած զինծառայող` որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի մասնակցելու քարոզչության պրոցեսին, իրենց ազատ կարծիքն արտահայտելու եւ իրենց կամքը ներկայացնելու իրենց քվեաթերթիկով: Օրենքի հետ կապված ոչ մի հակասություն չկա, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,-ընդգծել է Գագիկ Մելիքյանը: