Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի վարչության պետ Արման Եդոյանի կատարած մահացու վրաերթի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, համալիր` դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային, ինչպես նաեւ` դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության շահերից ելնելով՝ որեւէ այլ տեղեկատվություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա Խորեն Մկրտչյանին, որը տեղում մահացել է: «Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):