Անկախ նրանից` խոսքը ոտքի, մատի, թե ճակատի մասին է, ցանկացած քաղաքացի դեմ է թանաքոտվելուն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նշենք, որ կրկնակի քվեարկությունից խուսափելու նպատակով մատը թանաքոտելու առաջարկը, որին համաձայնել էին հինգ խմբակցություններ, ԱԺ-ում չընդունվեց: Ընդունվել է միայն ՀՅԴ խմբակցության առաջարկներից մեկը, ըստ որի ցուցակներում նախատեսվում է նշել, թե որ քաղաքացին է քվեարկելու նույնականացման քարտով:
Թե ինչու իշխանությունը նախապատվությունը տվեց «այո»-ի դաշնակից ՀՅԴ-ի առաջարկին, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Պարոն Մելիքյան, ինչո՞ւ ընդունվեց ՀՅԴ-ի առաջարկած այդ տարբերակը, մինչդեռ ընդդիմությունը թանաքոտելը համարում է կրկնակի քվեարկության դեմ պայքարի արդյունավետ միջոց:
Քննարկվեցին բոլոր առաջարկությունները, որոնք ընթերցվել են եւ ընդունվեցին նրանք, որոնք որ ընդունելի են եւ կարելի է իրականացնել: Ես այն կարծիքին չեմ, որ բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու բոլոր քաղաքացիներն են կողմ մատը թանաքոտելուն: Պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը, թե արդյոք մեր քաղաքացիները ցանկանո՞ւմ են, որ իրենց մատները, կամ մարմնի ինչ որ մի մաս թանաքոտվի:
Իսկ ոտեղի՞ց գիտեք, որ քաղաքացիները չեն ցանկանում մատների թանաքոտում, հարցո՞ւմ եք անցկացրել:
Այո, հարցում ենք անցկացրել եւ համոզվել, որ որեւէ մեկը կողմնակից չէ իր մարմնի որեւէ մաս թանաքոտելուն: Անկախ նրանից` խոսքը ոտքի, մատի, թե ճակատի մասին է, ցանկացած քաղաքացի դեմ է թանաքոտելուն, նույնիսկ իր մատը թանաքոտելուն: Եւ հարցում ենք արել, եւ զրուցել, եւ հանդիպել ու քննարկել ենք մարդկանց հետ:
Ձեզ հետ զրույցում ինչպե՞ս հիմնավորեցին քաղաքացիները, որ չեն ցանկանում մատը թանաքոտել:
Չեն ցանկանում մարդիկ, որ իրենց մարմնի մասը թանաքոտվի: Ես կարող եմ ասել, որ քաղաքացին ընդամենը ցանկանում է ազատ, անկողմնակալ ընտրություն: Անկախ նրանից մատը կթանաքոտեն, թե անձնագրում կնիք կդնեն, թե նույնականացման քարտով կքվեարկեն, կողմնակից է միայն ազատ եւ արդար ընտրությունների:
Իսկ ՀՀԿ-ն ինչի՞ կողմնակից է:
Հանրապետական կուսակցությունը եւս ազատ արդար ընտրությունների, միջազգային նորմերին համապատասխան ընտրությունների կողմնակից է:
Այդ դեպքում ինչո՞ւ են պարբերաբար կեղծվում ընտրությունները, որը չեն թաքցնում նաեւ իշխանության ներկայացուցիչները: Նախկին ընտրություններում եւս ընդդիմադիր ուժերը, դիտորդները բազմաթիվ փաստեր են արձանագրել ընտրակեղծիքների առկայության վերաբերյալ:
Ընտրակեղծիքներ անելու հետ կապված խոսակցություններ ես նույնպես լսել եմ, բայց երբ պահանջ է դրվում թեկուզ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանձնաժողովների անդամների կողմից համապատասխան գրավոր դիմումներ ներկայացնեն տարբեր դատական ատյաններ, այդ պարագայում ներկայացվող դիմումների քանակը խիստ սահմանափակ է լինում` մեկը, երկուսը, որոնք չեն հիմնավորվում:
Զրուցեց Գայանե Սարիբեկյանը





























